Երիտասարդ տարիներիս նաև մանկավարժությամբ եմ զբաղվել, պատմություն դասավանդել:
Երբե՛ք դպրոցական ծրագրի շրջանակներում չեմ ներկայացրել Ցեղասպանություն նյութը, փոխարենը հաջորդ դասն եմ լավ մատուցել «Հայ ինքնապաշտպանական մարտերը 1914-15թթ.»։
Ո՛չ, բնավ չեմ ժխտել կամ ուրացել Հայոց Մեծ Եղեռնը, այն ուրանալ չի լինում, մեր երակներում է:
ՈՒղղակի կարևորել եմ կռիվը` «Եթե մեռնել միայն մարտում» կարգախոսով։
Աշակերտներիս փորձել եմ պայքարող ու մարտնչող դաստիարակել, ինչը հիմնականում ստացվել է։
Պարտավոր ենք հիշել Դեր-Զորը, բայց փառաբանելով Շապին Գարահիսարը, ՈՒրֆան, Մուսա Լեռը, Վանի Այգեստանն ու Քաղաքամեջը...
Ցեղասպանություն հիշելն ու պահանջելը կարևոր անկյունաքար էր հայկական 3-րդ հանրապետությունում, ամուր հիմքերի վրա էր դրված:
Այդ ամուր հիմքն էլ Արցախյան պատերազմում տարած հաղթանակներն էին ու պատմական հայրենիքի ազատագրման փաստը։
Պետականություն և հաղթանակներ կրկին ունենալու ենք, իսկ մինչ այդ անվերջ պիտի պայքարենք, հիշենք ու պահանջենք:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ